ԽոսքԿԱՊ
Հարսնացու ընտրելուց հետո գործողություններն անցնում էին հաջորդ փուլ:
Ընտրում էին երկու ընտանիքներին էլ քաջածանոթ կին միջնորդ: Նրա դերը հարսանիքը գլուխ բերելու
գործում շատ կարեւոր էր: Վերջինս պետք է համոզեր հարսի մորը, որ փեսան շատ լավ, "գտած" տղա է:
Համոզվելուց հետո հարսի մայրն իր հերթին պետք է նույն բանը համոզեր իր խստաբարո ամուսնուն:
Հաջողություն ապահովելու համար փեսայի ծնողները միջնորդ կնոջ այցի ժամանակ իրենց տան սյունից
կախում էին մեծ գդալ, որն, ամենայն հավանականությամբ, ընդհանուր, համատեղ խոհանոցի խորհրդանիշ էր:
Միջնորդ կնոջ գաղափարը պահպանվում է մինչ օրերս, քանզի նա կարողանում է շրջանցիկ ճանապարհներով
առկա մտադրությունների մասին տեղյակ պահել երկու ընտանիքներին էլ, սակայն ի տարբերություն մեր
նախնիների եւ ի բարեբախտություն մեզ այժմ սյուներից գդալներ չեն կախում:
|
 |
Դրական պատասխան ստանալուց հետո աղջկա տուն "ուղեւորվում էին" պատվիրակներ`տղայի մայրը եւ քեռին:
Նրանց այցի մասին նախօրոք իմաց էր տրվում աղջկա կողմին, հավանաբար, պատշաճ ընդունելություն կազմակերպելու համար:
Խնամիների խոսքը ընդհանուր առմամբ իրենից ներկայացնում է հետեւյալ տեսքը.
"Մենք եկել ենք` ձեր օջախից մի բուռ կրակ տանելու եւ շեն պահելու մեր օջախը ..." կամ
"քար տանելու եւ մեր շենքը կառուցելու ..." և այլն: Մեր ժամանակներում նույնիսկ դժվար է գնահատական տալ
նման խոսքերին: Նշենք, որ ոչ մի դեպքում աղջկա կողմին չէր թույլատրվում միանգամից համաձանել:
|
Հարսի գինը բարձրացնելու համար խոստանում էին մտածել: Հաճախ խոսքկապը գլուխ բերելու համար տղայի ծնողները
երեքից-չորս անգամ նույն տեքստով գալիս էին հարսի տուն: Եվ միայն աղջկա հոր ազդու պատասխանից հետո վերջ էր
դրվում բեմականության այդ մասին: Սակայն հայրն իր հերթին չոր, կոշտ ու կոպիտ "հա" չէր ասում, այլ նույն կերպ`
այլաբանորեն. "Մենք պատրաստ ենք մեր թաշկինակը տալ ձեզ": Համոզված ենք, որ աղջկան ավելի դուրեկան էր քար ու
կրակ լինել, քան թաշկինակ:
Մինչեւ դրական պատասխանը իրավունք չունեին հյուրասիրել խնամիներին, քանզի եթե հաց տաս, աղջկադ էլ պիտի
տաս: Որքան էլ տարօրինակ լինի, բայց աղջկա հայրը սեփական համաձայնությունը տալուց հետո հրապարակավ
հարցնում էր նաեւ աղջկա կարծիքը: Սակայն ոչ մի աղջիկ երբեւէ համարձակություն չուներ հոր խոսքից դուրս գալ:
Հ.Գ.- Բնականաբար, խոսքկապի կամ հարսնատեսի ժամանակ բոլորը հարսից ջուր էին ուզում, որ տեսնեն
հո չի կաղում, ձեռքերը չեն դողում, շլդիկ չի եւ այլն: Կարծիք կա, նաև, որ ջուր խնդրում էին, որպեսզի
խմելու ընթացքում հնարավոր լիներ հարսին ոտքից գլուխ հանգիստ ուսումնասիրել: Այս դեպքում հարսին դիտելը
այդքան էլ տգեղ չէր դիտվի:
|