ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐ
Երեկոյան` հյուրերի գնալուց հետո, քահանան իր կապած կարմիր-կանաչ թելերն արձակում էր նորապսակների ձեռքերից
(արդեն նշված նպատակով): Այդ պատասխանատու արարողության ժամանակ քավորը նրանց գլխավերեւում պահում էր թուր ու վահան:
Նորապսակների համար անկողին պատրաստում էր հարսնաքույրը: Ամուսնական անկողնու կողքին դնում էին կարմիր գինի, մրգեր, մեղր,
քաղցրավենիք: Ղարաբաղի հայերի մոտ այդ գիշեր տանը ոչ ոք չէր մնում: Տնեցիները գիշերում էին ազգականների, կամ հարեւանների
մոտ: Վաղ առավոտյան տղան, ամաչելով երեւալ ծնողների աչքերին, գնում էր ազգականներից մեկի տուն: Բարեկամները ուշ երեկոյան
ամաչկոտ տղային հայրական օջախ էին վերադարձնում, ուր նա համբուրում էր ծնողների ձեռքերը:
Պայթյունավտանգ իրավիճակ կամ կարմիր խնձոր
Դժվար է ասել, թե որ ժամանակներից սկսած են հայերը պահպանում "կարմիր խնձորի" գաղափարը: Հայաստանում միշտ չէ, որ ունեցել են
"կարմիր խնձորի" ավանդույթը: Հայտի է, որ հեթանոսական Հայաստանում աղջիկներն իրենց անմեղությունը Աստղիկ աստվածուհու
պաշտամունքի օրը զոհաբերում էին աստվածուհու անունը կրող տաճարում. զոհաբերում էին պատահական անցորդներին, օտարականներին,
այլ խոսքերով ասած` տուրիստներին: Հետագայում այդ աղջիկները դառնում էին ամենացանկալի հարսնացուները, քանզի նրանց
գեղեցկությունը հովանավորվում էր անձամբ Աստղիկի կողմից: Չարժե քննարկել, առավել ևս քննադատել մեր նախապապերի բարքերը,
քանզի արժեքային համակարգերը բազմաթիվ փոփոխություններ են կրել մինչ մեզ հասնելը: Ակնհայտ է սակայն, որ "կարմիր խնձորի"
գաղափարը, դարերի ընթացքում մի ծայրահեղությունից մյուսը անցնելով, այնուամենայնիվ, եկել-հասել է մեզ:
Պահպանողական հասարակարգում այդ խնձորը աղջկա անմեղության սուրբ վկայությունն էր: Հատուկ արարողություն էր
"կարմիր խնձորի" առկայության ստուգումը: Հավաքվում էին հեռու-մոտիկ ազգականներ, հարեւաններ, բամբասկոտ կանայք
(որոնց բերանը փակելը ծայրահեղ անհրաժեշտություն էր) եւ ստուգումներ անցկացնում: Հաճախ բանը հասնում էր այնպիսի ծայրահեղության,
որ սկեսուրը առաջին գիշերվա սպիտակեղենը ընկնում էր դռնեդուռ բոլորին ի ցույց: Տխուր տրամադրություն չառաջացնելու համար
կխուսափենք նկարագրել այն ամենը, ինչ տեղի էր ունենում հարսի հետ "կարմիր խնձորի" բացակայության ժամանակ:
Ավելացնենք միայն, որ աղջկա դրությունը աննախանձելի էր լինում, արժանի խորին ցավակցության: Այնուամենայնիվ, դրական
արդյունքի դեպքում փեսայի մայրը, հորաքույրը, մորաքույրը եւ այլ կինարմատ ազգականներ, սկուտեղի մեջ դրած իսկական կարմիր խնձոր,
ուղեւորվում էին հարսի տուն` աչքալուսանքի: Հարսի տանը, սեղանը գցած, արդեն սպասում էին նրանց:
|