Քավորը և Քավորկինը
Հարսից ու փեսայից հետո հարսանիքի երկրորդ կարեւոր անձինք քավորն ու նրա կինն էին:
Այդ պատճառով նրանց ընտրությունը միշտ եղել է բարդ եւ պատասխանատու: Նրանք պետք է օրինակ հանդիսանային
նորաստեղծ զույգի համար, հաշտեցնեին ու մեղմեին նրանց գժտությունները:
Քավորկինն իր հերթին պետք է դեռատի աղջկան ծանոթացներ ընտանեկան կյանքի մանրուքներին, սովորեցներ
հաշտվել կենցաղային խնդիրների հետ ու պահպանել ընտանեկան անդորրը: Այդ պատճառով քավորն ընտրվում էր
երկար բանակցությունների արդյունքում, մեկ անգամ եւ ընդմիշտ:
|
|
Քավորի մի քանի այլ պարտականություններ
Վաղ առավոտյան փեսայի տանը զուռնայի հնչյունների ներքո մորթում էին հարսանիքի գլխավոր ուտելիքը` ցլիկը:
Ցուլը հանդիսանում է վերարտադրության խորհրդանիշ (հիշենք գոմի նշանաբանը. "... մեկ ցուլին` տասնհինգ կով...
երջանիկ ցուլ ..."): Փեսան սուր դանակով ցլիկի վզին խաչաձեւ կտրվածք էր անում, քավորն այդ արյունով փեսայի
ճակատին նշան էր անում: Հաճախ սկեսուրը կարմիր գույնի թել էր թաթախում ցլիկի արյան մեջ ու սրբորեն պահպանում
այն մինչ տղայի ամուսնական առաջին գիշերը: Փեսան, ցլիկի արյունով թաթախվելով, իրավունք չուներ ազգը խայտառակ
անել առաջին գիշերը, ինչպես նաեւ պարտավորվում էր ունենալ շատ-շատ բալիկներ, որ կուռ պահեր գերդաստանը:
Եկեղեցու ճանապարհին գնում էին փեսան, կողքից` քավորն ու քավորկինը, նրանց ետեւից` հարսն ու հարսնաքույրը,
հարսնեղբայրը եւ այլոք: Հարսը ձեռքում պահում էր թաշկինակ, որն ամրացված էր փեսայի գոտուն` ի նշան միասնության:
Ընդունված էր այդ ճանապարհին բարձր երգել, մինչեւ իսկ գոռգոռալ, որպեսզի չար ուժերը վախենային ձայներից եւ մոտ
չգային: Եկեղեցու մոտ նորապսակների գլխավերեւում քավորը թուր ու վահան էր պահում, որ տարատեսակ "նավսեր" չկպնեին
նրանց:
Քահանան հարսի ու փեսայի ձեռքերից կապում էր կարմիր-կանաչ թելեր եւ մինչեւ անձամբ չհաներ, երիտասարդները
իրավունք չունեին մտնել ամուսնական անկողին: Վերոհիշյալ չար ոգիներին խաբելու համար ընդունված էր եկեղեցուց տուն
վերադառնալ այլ ճանապարհով:
|